понедельник, 4 января 2016 г.

Հայկական մշակույթը 19-20-րդ դարերում

Հայկական մշակույթը 19-20-րդ դարերում


Կրթական համակարգը

19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի կրթությունը ճակատագրի բերումով 2 հատվածի բաժանված Հայաստանում հայ ժողովուրդն ստիպված իր մշակույթը զարգացրել է հասարակաքաղաքական տարբեր պայմաններում։ Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին հնարավորություններ է ստեղծել, որ հայկական մշակույթն ավելի սերտորեն առնչվի ռուսների հետ։ Արևմտահայ հատվածն ավելի շատ կրել է եվրոպական, հատկապես՝ ֆրանսական մշակույթի ազդեցությունը։ Հայ ժողովրդի մի խոշոր հատված, ապրելով աշխարհի տարբեր երկրներում և կրելով նրանց մշակութների ազդեցությունները, նույնպես ստեղծել է մշակութային մնայուն արժեքներ։ 19-րդ դարասկզբի հայ առաջավոր կրթօջախներից էին Մոսկվայի Լազարյան ճեմարանը Աստրախանի Աղաբաբյան (1810, 20-րդ դարի սկզբին վերածվել է գիմնազիայի, 1918 թվականին՝ հայկական աշխարհիկ դպրոցի) և Թիֆլիսի Ներսիսյան (1824- 1925) դպրոցները, Վենետիկի Մուրատ- Ռափայելյան և Ձմյուռնիայի Մեսրոպյան վարժարանները։ Արևելահայ կրթական գործում կարևոր էր Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի դերը։ Նրա շրջանավարտները մեծապես նպաստել են հայ գրականության, հրապարակախոսության, թատրոնի, գեղանկարչության, երաժշտության զարգացմանը։
Պատմագիտություն

Բարձր զարգացման հասան հայագիտությունն ու պատմագրությունը: Հայագիտական եւ պատմագիտական արժեքավոր աշխատություններ հրատարակեցին Մաղաքիա Օրմանյանը, Քերովբե Պատկանյանը, Ալեքսանդր Երիցյանը, Մկրտիչ Էմինը, Լեոն, Ղեւոնդ Ալիշանը, Նիկողայոս Ադոնցը եւ ուրիշներ:
Մ. Օրմանյանի հրատարակած բազմաթիվ աշխատություններից են «Հայոց եկեղեցին», եռահատոր «Ազգապատումը»: Նա իրավացիորեն գտնում էր, որ հայոց եկեղեցին ազգային բնույթ ունի, եւ որ հայ եկեղեցու եւ ազգի պատմությունը կազմում են միասնություն: Լեոն հրատարակեց մեծաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ: Ն. Ադոնցի «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» մեծարժեք աշխատությունը համակողմանիորեն ներկայացնում է միջնադարյան Հայաստանը:
Մխիթարյան միաբանության անդամ Ղեւոնդ Ալիշանի գրչին են պատկանում Հայաստանի պատմությանը, հուշարձաններին ու պատմական աշխարհագրությանը նվիրված 45 հատոր մեծարժեք աշխատություններ:
  
 Արվեստ և ճարտարապետոթյուն

Երաժշտությունը եւս զարգացում էր ապրում: Երաժշտական արվեստի հսկաներից էր Կոմիտասը, որը հավաքեց եւ մշակեց շուրջ 3000 երգ: Տիգրան Չուխաջյանը գրեց առաջին հայկական օպերան` «Արշակ Բ»: Ալեքսանդր Սպենդիարյանը հիմնադրեց սիմֆոնիկ երաժշտությունը` գրելով «Ալմաստ օպերան: Հովհ. Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրեց համանուն օպերան, որը բեմադրվեց Ալեքսանդրապոլում 1912թ.: Զարգանում էր նաեւ աշուղական երգարվեստը, որի փայլուն ներկայացուցիչներից էին Ջիվանին եւ Շերամը:
Հայ իրականության մեջ առաջին պրոֆեսիոնալ թատրոնը հիմնվում է Կ.Պոլսում, 1846թ.: Այն հիմնականում ունեցել է կրկեսային եւ մնջախաղային բնույթ, բայց ներկայացրել է նաեւ պատմական դրամաներ ու մելոդրամներ: 1847թ. Կ.Պոլսի Բերա թաղամասում կառուցվել է թատրոնի մշտական շենք կրկեսային եւ դրամատիկական ներկայացումների համար: Թատրոնն ունեցել է նվագախումբ, դիրիժոր, դերասանների մշտական կազմ:
1851թ. Թիֆլիսում ստեղծվեց Թամամշյանի թատրոնը: 1861թ. Կ.Պոլսում հիմնադրվեց Արեւելյան թատրոնը: 1863թ. Կ.Պոլսում Հակոբ Վարդովյանի ստեղծած թատրոնում ներկայացումներ էին տրվում հայերենով եւ թուրքերենով: Թատերարվեստի զարգացման գործում խոշոր ավանդ ներդրեցին դերասաններ Պետրոս Ադամյանը, Գեւորգ Չմշկյանը, Սիրանույշը, Հովհաննես Աբելյանը եւ ուրիշներ:
19-րդ դարի նշանավոր նկարիչներից էին Հակոբ եւ Աղաթոն Հովնաթանյանները, որոնք շարունակեցին իրենց տաղանդավոր տոհմի ավանդույթները: Ճանաչված նկարիչ էր Ստեփան Ներսիսյանը, որի վրձնին են պատկանում բազմաթիվ հայ նշանավոր գործիչների դիմանկարներ: Համաշխարհային ճանաչում ունեցող ծովանկարիչ էր Հովհաննես Այվազովսկին, որը բազմաթիվ կտավներ է կերտել նաեւ հայկական թեմաներով: 20-րդ դարասկզբի հայ կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչներն էին Վարդգես Սուրենյանցը, Գեւորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը, Մարտիրոս Սարյանը եւ ուրիշներ:
Օսմանյան կայսրության բարձրարվեստ ճարտարապետական կոթողներից շատերի հեղինակներն են հայկական Պալյան եւ ՈՒթուճյան նշանավոր տոհմերի ներկայացուցիչները, որոնց սուլթանները վստահում էին արքունի ճարտարապետի պաշտոնը:
20-րդ դարի սկզբի ճարտարապետության հայտնի դեմքերից էին Ալեքսանդր Թամանյանը, Թորոս Թորամանյանը, Հովհաննես Քաջազնունին եւ ուրիշներ:
Բնագիտության ասպարեզի խոշոր գիտնականներից էր ֆիզիկոս Հովհաննես Ադամյանը, որը հանդիսացավ գունավոր հեռուստատեսության հիմնադիրը:
Հայ մշակույթին ծանր, շատ կողմերով անդառնալի հարված հասցրեց 1915-1916թթ. Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում ոչնչացվեց արեւմտահայ մտավորականությունը, Արեւմտյան Հայաստանի տարածքում գտնվող հազարավոր պատմա-մշակութային հուշարձաններ եւ տասնյակ հազարավոր հնագույն ձեռագրեր:

Комментариев нет:

Отправить комментарий