вторник, 13 декабря 2016 г.

Ներսես Շնորհալի

1100(?) - 1173
ՇՆՈՐՀԱԼԻ, Ներսես Դ Կլայեցի, Երգեցող (մոտ 1100, Ծովք դղյակ, Ծոփաց նահանգի Անձիտ գավառ —13.8.1173, Հռոմկլա), հայ բանաստեղծ, մատենագիր, երաժիշտ-երգահան, քաղ. գործիչ: Հայոց կաթողիկոս 1166-ից: Հաջորդել է Գրիգոր Գ Պահլավունուն՝ իր ավագ եղբորը: Իշխան Ապիրատ Պահլավունու որդին է, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռը: Հիմնավոր կրթություն է ստացել Քեսունի մոտ գտնվող Կարմիր վանքի դպրոցում՝ աշակերտելով Ստեփանոս Մանուկ եպիսկոպոսին: Մինչև կաթողիկոս ձեռնադրվելը եղել է Գրիգոր Գ Պահլավունու օգնականն ու խորհրդատուն: 1116-ից ապրել և ստեղծագործել է Կոմմագենեի Տլուք գավառի Ծովք դղյակում, 1150-ից՝ Հռոմկլայում: Ն. Շ-ու համոզմամբ, ազգային կենտրոնացված պետականության բացակայության պայմաններում հայ եկեղեցին այն միակ հաստատությունն էր, որ պետք է համախմբեր ժողովրդին և կազմակերպեր նրա ինքնուրույն գոյատևումը: Հակադրվելով քրիստոնեական եկեղեցիների միության բյուզ. ըմբռնմանը, ըստ որի այդ միավորումը պետք է տեղի ունենար բյուզ. եկեղեցու հովանու տակ, Ն. Շ. գտնում էր, որ դա պետք է իրագործել ոչ թե նրանցից որևէ մեկի գերիշխանությամբ, այլ յուրաքանչյուրի ընդունելի գծերը պահպանելու, տարաձայնությունները փոխադարձ զիջումներով հարթելու և համերաշխության ճանապարհով:

Վերլուծություն
Ներսես Շնորհալուց պահպանվել է գրական հարուստ ժառանգություն: Նա բազմաժանր գրող է և իր ստեղծագործական վաստակով մի նոր որակի է բարձրացրել հայ բանաստեղծական արվեստը:Շնորհալին ծնվել է Կիլիկյան Հայաստանին սահմանակից Տլուք գավառի Ծովք ամրոցում, որի տերն էր հայրը՝ իշխան Ապիրատ Պահլավունին: Ներսեսն իր ավագ եղբոր հետ հիմնավոր կրթություն է ստացել Կիլիկիայի Կարմիր վանքի դպրոցում, որն ավարտել է արտակարգ հաջողությամբ՝ արժանանալով Շնորհալի մականվան: Շուտով ավագ եղբայրը երիտասարղ տարիքում օծվել է Հայոց կաթողիկոս՝ Գրիգոր Գ Պահլավունի անունով, իսկ Ներսեսը նվիրվել է եկեղեցական ծառայության, նախ ձեռնադրվել է կուսակրոն քահանա, իսկ ապա՝ եպիսկոպոս:
Եկեղեցական գործունեությանը զուգահեռ՝ Շնորհալին զբաղվել է գրական աշխատանքով: Նա հայտնի է նաև որպես երաժիշտ, ուստի հաճախ կոչվել է Ներսես Երգեցող: 1166թ. Ներսես Շնորհալին օծվել է Հայոց կաթողիկոս: Նա վախճանվել 1173 թվականին և թաղվել կաթողիկոսանիստ Հռոմկլա, ամրոցում: Հայ եկեղեցին Շնորհալուն դասել է սրբերի շարքը և նրա հիշատակը նշում է ամեն տարի՝ Թարգմանչաց տոնին:
Մեծ է Շնորհալու ավանդը հայ բանաստեղծական արվեստի զարգացման գործում: Նա ազգային եկեղեցական տոների համար գրել է շատ տաղեր, զանազան բնույթի ու բովանդակության ոտանավորներ, երգաշարեր, հանելուկներ, պոեմներ: Գրել է նաև բազմաթիվ շարականներ, որոնք այսօր էլ երգվում են հայ եկեղեցու պաշտոնական արարողությունների ժամանակ:
Շնորհալու ուսուցողական ոտանավորները, որոնք չունեն իրենց նախօրինակը հայ գրականության մեջ, հորինվել են մատաղ սերնդին ազգային արժանապատվության ոգով դաստիարակելու, նրան կրթելու, բազմապիսի օգտակար գիտելիքներ տալու նպատակով: Նման բնույթ ունեն նաև հանելուկներ՛ը: Հայ իրականության մեջ բանահյուսական այղ հնագույն տեսակի գրական մշակման և կաւոարելագործման փաստը կապվում է Շնորհալու անվան հետ: Նրանից պահպանվել է ավելի քան 300 հանելուկ: Շնորհալին հանելուկներ ստեղծել է ինչպես պատանիների, այնպես էլ հասուն տարիքի մարղկանց համար, որպեսզի զանազան հավաքույթների ժամանակ անբովանդակ զրույցներով տարվելու փոխարեն նրանք ունենան ժամանցի ավելի օգտակար միջոց:
Հանրահայտ է նրա «Նորահրաշ պսակավոր և զորագլուխ առաքինաց» սկզբնատողով շարականը, որը նվիրված է Ավարայրի ճակատամարտի (451 թ.) հայ հերոսների հիշատակին:
Դարեր շարունակ լայն ժողովրդայնություն են վայելել նրա «Աոավոտ լուսո…», «Աշխարհ ամենայն…», «Զարթի´ք, փառք իմ, զարթի´ք» ստեղծագործությունները: Սրանք զետեղված են հայ եկեղեցու «ժամագիրք» ժողովածուի մեջ, ուստի համարվում են ժամագրքային երգեր և շարական երգի նման ամրագրված չեն որոշակի տոնի:
«Առավոտ լուսոն» «Ժամագրքում» կոչվում է «Երգ աղոթական», այսինքն՝ աղոթքի երգ: Նշվում է նաև, որ Հայոց կաթողիկոս Տեր Ներսես Շնորհալու այս երգը նվիրված է Սուրբ Երրորդությանը և Երրորդության հրեք դեմքերից (Հայր Աստված, Հիսուս Քրիստոս, Սուրբ Հոգի) յուրաքանչյուրին՝ առանձնակի: Սուրբ Երրորդության գաղափարը շեշտվել է նաև ստեղծագործության կաոուցվածքով, քանի որ բանաստեղծական յուրաքանչյուր տուն կազմված է երեք տողից: Ամբողջ երգը աների սկզբնատառերով հերթականությամբ ներկայացնում է հայոց այբուբենը՝ Ա-ից -Ք: Թվում է, թե բանաստեղծը կամեցել է ազգային այբուբենի բոլոր գրերով արտահայտել մարդա¬սեր Աստծու գթությամբ երկրային մեղքերից մաքրագործվելու, արդարների դասին դասվելու քրիստոնեական բաղձանքը: «Առավոտ լուսո»-ն ըստ խոսքի երանգի աղաչական երգ է և կատարվում է մեղմ ու հոգեթով երաժշտությամբ, յուրաքանչյուր վանկի հատուկ ու հանդիսավոր արտաբերմամբ:
Ներսես Շնորհալու ստեղծագործության գլուխգործոցը «Ողբ Եդեսիո» («Եդեսիայի ողբը») պոեմն է, որը հայ քաղաքական բանաստեղծության աոաջին խոշոր երկն է: Պատկերելով 1144 թ. դեկտեմբերին մահմեդական զորքերի կողմից Ասորիքի Եղեսիա, քաղաքի գրավումն ու խաղաղ բնակչության դաժան կոտորածը՝ հեղինակը վարպետորեն անդրադառնում է նաև հայ ժողովրդի պատմական ճակատագրի խնդրին, շեշտում ազգային պետականության երբեմնի գոյության փաստը: Պոեմը հորինված է Եդեսիա քաղաքի անունից: Քաղաքը հանդես է բերված որպես մի դժբախտ, որդեկորույս մայր, ոռն անհուն կսկիծով ողբում է իր հետ կատարված մեծ աղետը: Անշունչ առարկան անձի, դեմքի հատկություններով ներկայացնելու գրական հնարանքը, որ կոչվում է անձնավորում կամ դիմառնություն, Ներսես Շնորհալու երկը դարձրել է պատկերավոր, արտահայտիչ ու սրտառուչ:

Չարլի Չապլին 

Չարլզ Չապլին «Իմ կենսագրությունը»

► Ես նույնպես ծիծաղում էի, նայելով, թե ինչպես է սուրում ոչխարը մարդկանցից փրկվելու սարսափով բռնված. Դա ինձ չափազանց տարօրինակ էր թվում, բայց երբ ոչխարին բռնեցին ու տարան սպանդանոց, ես հանկարծ ըմբռնեցի կատարվածի իմաստը և հեկեկալով վազեցի տուն՝ մայրիկիս մոտ: – Նրանք կսպանեն նրան, հիմա կսպանեն,- ճչում էի ես արցունք թափելով: Այդ խաղաղ գարնանային երեկոն և ծիծաղելի հալածանքը երկար մնացին հիշողությանս մեջ: Մերթընդմերթ մտքովս անցնում է, թե այդ դիպվածը ինչ-որ չափով կանխորոշել է իմ ապագա կինոնկարների բնույթը, որը միացնում է ողբերգականը կատակերգականի հետ:
► Ես ատում եմ հրաժեշտները: Ինչ էլ որ մարդ զգալու լինի մոտիկներիս անջատվելիս, հրաժեշտի այդ վայրկյանները միայն ավելացնում են տառապանքը:
► Ինչպես միշտ ես ապրում էի միայնակ: Դա ուներ և իր առավելությունը, քանի որ հնարավորություն էր տալիս զբաղվելու ինքնակրթությամբ, մի բան, որի մասին վաղուց մտածում էի, չնայած ոչ մի կերպ չէի կարողանում անցնել գործնականի:
► – Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջացնի, բայց ես նայում եմ ձեզ և լացս գալիս է: Նա հաստատեց այն, ինչը ես վաղուց զգացել էի. ես ձեռք էի բերել ոչ միայն ծիծաղեցնելու, այլև լացացնելու հատկություն:

Չարլի Չապլին (նամակը դստերը)


Չարլի Չապլինի նամակի բովանդակությանը ընկալելով մտքիս մեջ նկարագրվեց հոր իդեալական կերպար, որը չցանկանալով ողղակի պարտադրել դստերը իր կամքը նամակում անընդհատ մտորումների տեղեր է թողնում։ Ցանկանալով ամրապնդել դստեր արժեքային համակարգը նա խոսում է այնպիսի թեմաներից ինչպիսիք են փողը, փառասիրությունը, նյութապաշտությունը և այլն։ Իմ կարծիքով Չապլինը գրում է շատ կարևոր մարդկային արատների մասին, որոնք ուղղակի ոչնչացնում են մարդու, կարելի է ասել, բոլոր բարոյական հատկանիշները։ Լինելով ծայրաստիճան աղքատ և դառնալով 20-րդ դարի ամենահայտնի կերպարներից մեկը, նա միշտ եղել է մարդ, և իմ կարծիքով այս տողերով նա ուզեցել է աղջկան և ամբողջ մարդկությանը, ովքեր նույնպես կարդացել են այս նամակը դարձնել ավելի լավը։
1919-ին Չապլինը հիմնում է տարածաշրջանային Միացյալ Արվեստագետների ընկերությունը, որը նրան տալիս է իր ֆիլմերի ամբողջական վերահսկողությունը։ Նրա առաջին լիամետրաժ Ֆիլմը «Փոքրիկը»-ն է (1921), հաջորդաբար՝ «Փարիզուհին» (1923), «Ոսկու տենդ» (1925), «Կրկես» (1928)։ Նա հրաժարվում է հնչունային ֆիլմին վերադառնալուն 1930-ին՝ փոխարենը արտադրելով «Մեծ քաղաքի լույսերը» (1931) և «Նոր Ժամանակներ» (1936) ֆիլմերը՝ առանց երկխոսության։ Չապլինը սկսում է հետաքրքրվել քաղաքականությամբ և իր հաջորդ ֆիլմում՝ «Մեծ բռնապետը» (1940) ֆիլմում ծաղրում է Ադոլֆ Հիտլերին։ 1940-ականները տարաձայնությունների տասնամյակ էր Չապլինի համար, և արագորեն իր հանրաճանաչությունը նվազում է։ Նա մեղադրվում է կոմունիստական համակրանքի համար, միևնույն ժամանակ իր հայրության հայցը և երիտասարդ կնոջ հետ ամուսնությունը սկանդալի պատճառ են հանդիսանում։ Դաշնային հետախուզում է սկսվում և Չապլինը ստիպված է լինում թողնել Միացյալ Նահանգները՝ հաստատվելով Շվեցարիայում։ Նրա՝ «Մըսյե Վերդու» (1947), «Բեմի լույսերը» (1952), «Արքա Նյու-Յորքում» (1957), «Կոմսուհին Հոնկոնգից» (1967) ֆիլմերում թափառաշրջիկի կերպարը բացակայում է։
Սեբաստացու Օրեր

Մխիթար Սեբաստացի
Մխիթար Սեբաստացին գիտնական էր, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը: Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676թ.-ի փետրվարի 17-ին և, ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։
1685-1691թթ. սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։ Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար:
1692թ. Մխիթարն այցելել է Սբ. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը: 1703թ. մեկնել է վենետիկյան իշխանությանը ենթարկվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը: 
Այստեղ էլ ստանալով Պապի աջակցությունը՝ հիմնել է Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը («Մխիթարյան» է կոչվել Մխիթար Սեբաստացու մահից հետո՝ 1749թ.-ից)։ Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից` Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715թ. տեղափոխվել է Վենետիկ:
1717թ. Վենետիկյան Սենատը Սուրբ Ղազար կղզին անժամկետ հանձնել է Մխիթարին և իր միաբաններին։ Այստեղ Մխիթար Սեբաստացին իր գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ: Համառ ու հետևողական գործունեություն է ծավալել` պատրաստելու միաբանական այնպիսի գործիչներ, որոնք ընդունակ լինեն լուսավորություն տարածել հայ ժողովրդի լայն խավերի մեջ:
Միաբանությունը 1772թ. երկփեղկվել է, և միաբանների մի խումբ 1811թ. հաստատվել է Վիեննայում: Մխիթարյան միաբանության երկու ճյուղերն էլ հրատարակել են բազմաթիվ հայագիտական աշխատություններ և հիմնել կրթարաններ։
Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ մինչև այսօր գործում է Սամվել-Մուրադյան վարժարանը (Ֆրանսիա), Մուրադ-Ռափայելյան վարժարանը (Իտալիա), Բուենոս-Այրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները:



Շնորհավոր տոնդ, կրթահամալիր: 


Երբեմն ինձ թվում է` ես մեր կրթահամալիրի անբաժանելի մի մասն եմ արդեն: Շուրջ 3 տարի այստեղ եմ: Վերջին ուսումնական տարին է, վերջին անգամ եմ որպես սովորող մասնակցում քո տոնին, կրկնում եմ, որպես սովորող, բայց ոչ որպես սեբաստացի: 

Մուշեղ Գալշոյան

Մուշեղ Գալշոյան


Մուշեղ Գալշոյանը (1933 – 1980) ծնվել է ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։
Գալշոյանը կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում, երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։
Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ «Ավանգարդ» թերթում և «Գարուն» ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ «Ձորի Միրո», որը նրան բերեց հասուն գրողի համարում։ Ձորի Միրոն սասունցի փախստական է, որը կորցրել է ընտանիքը, բոլորի հետ հասել Թալին և տուն կառուցել։ Բայց նրա կառուցած տունը նայում է գյուղի հակառակ կողմը։ Միրոն խռոված է աշխարհից այն ամենի համար, որ կատարվեց իրենց հետ։ Աշխարհը չուզեց նրանց պաշտպանել, իսկ իրենք չկարողացան պաշտպանվել։ Եվ արժանապատվություն ունեցող, նահապետական բարձր ավանդույթներով դաստիարակված մարդն այլևս չի ներում իրեն և ուրիշներին իրենց հետ պատահածի համար։ Փախստականի կերպարի այսպիսի մեկնաբանությունը նորություն էր մեր արձակում։ Դրանից առաջ Հրաչյա Քոչարը գրել էր իր «Նահապետ» հայտնի վիպակը. նրա գլխավոր հերոսի ճակատագիրը շատ բանով է նման Միրոյի ճակատագրին, բայց նրա կերպարի մեջ ուրիշ բան է ընդգծում՝ կյանքը շարունակելու կարողությունը նույնիսկ եղեռնից հետո։ Իսկ Գալշոյանի հերոսի մեջ անցյալը շարունակում էր մխալ և ծնել դառնագույն հարցեր։ Միրոյի խռովելը նշանակում էր չհաշտվել իր ճակատագրի հետ։
Առհասարակ, այս անհաշտությունը դարձավ Գալշոյանի հերոսների ամենաբնորոշ գիծը։ Նրա ստեղծած կերպարները իսկական Սասնա ծռեր են, որոնք չեն համակերպվում մարդկային պայմանականությունների հետ, միշտ ձգտում են դեպի ակունքները, դեպի բնականը, մարդկային անխաթար, բնական հարաբերությունները և միշտ մտածում են այն մասին, թե ինչու չկարողացան պահել իրենց հայրենիքը, իրենց դրախտային Սասունը։
Գալշոյանը լավ պատմող էր, հետպատերազմյան հայ արձակի լավագույն պատմողներից մեկը։ Սուր դիտողականությամբ, չափի նուրբ զգացումով, նա պատմում էր իր հերոսների մասին, առանց պաթոսի, առանց մանրամասն նկարագրությունների, բայց ստեղծում էր գունեղ, տեսանելի կերպարներ։ Նրա պատմվածքները կարդացողներն անմիջապես պատկերացնում էին այդ համառ, «կող ունեցող» գեղջուկներին, որոնք, օրինակ, կարող էին «հերսոտել» ու քանդել նոր խփված փայտե հատակը, որովհետև սովոր էին ապրել հողի հետ անընդհատ ու անմիջական շփման մեջ, իսկ տախտակը կտրում էր նրանց հողից։ Մեկ ուրիշը կարող էր գիշերվա կեսին, քեֆից հետո, հետ գնալ հրավիրողի տունը և իր կենացը, որ ասել էր գինովցած վիճակում, ետ առնել, որովհետև մարդը արժանի չէր այդ կենացին։ Եվ այլն։ Բոլորն իրենց մեջ պահել են սասունցիական այս գծերը, որոնք փոխված, բնականությունից հեռացած աշխարհում նաև ծիծաղելի ու անտեղի են թվում։ Բայց նրա հերոսներին այդ չի շփոթեցնում։ Նրանք երբեք ծնկի չեն գալիս։ Իրենց կյանքի ցանկացած պահին նրաք կարող են ընդվզել կյանքի ու նրա այն օրենքների դեմ, որոնք աղավաղում են մարդու կյանքն ու կերպարը։ Նրա հերոսներից մեկը, արդեն ծերության հասած մարդ, բոլորովին պատահաբար գտնում է մանկական տարիների իր ընկերուհուն, որը ևս մեծ ընտանիքի, որդիների ու թոռների տեր է։ Երկրում Ավեն սիրահարված է եղել իր ընկերուհուն։ Եվ հիմա նա ուզում է ի կատար ածել իր մանկական երազանքը, որ ավերվեց ջարդով ու գաղթով, և… ծեր կնոջը առաջարկում է բաժանվել ամուսնուց ու ամուսնանալ իր հետ։ Այսպիսի արարքները կարող էին անբնական ու ծիծաղելի թվալ, բայց Գալշոյանը շատ լավ գիտի իր հերոսների հոգեբանությունը, նրանց խոսքն ու կենցաղը, և նրա պատմվածքներում նման արարքները ձեռք են բերում իմաստ և գեղեցկություն, երբեմն և էպիկական վեհություն։ Այն կրակը, որ վառվում էր Գալշոյանի հերոսների մեջ, վառվում էր իր՝ Գալշոյանի մեջ, և այս ներքին հոգեհարազատությունը շատ էր օգնում նրան իր կերպարներն ստեղծելիս։
Հիշատակված պատմվածքները մտնում են «Մարութա սարի ամպերը» շարքի մեջ, որը Գալշոյանի լավագույն գործը եղավ։ Եվ դրանց մեջ լավագույններից մեկը, թերևս լավագույնը, «Դավոն» պատմվածքն է։ Դավոն ևս սասունցի փախստական է։ Եղել է զորավար Անդրանիկի բանակում, նրա լավագույն զինվորներից մեկը։ Բայց երբեմն չի հնազանդվել նաև Զորավարին։ Ու մի անգամ Անդրանիկը նրան նույնիսկ մահվան է դատապարտել, բայց Դավոն մնացել է նույն համառ, իր սկզբունքներին հավատարիմ սասունցին։ Ու մեռնելու պահին նա հիշում է իր ամբողջ կյանքը, իր ընկերներին, և շարունակում է իր վեճը աշխարհի ու մարդկանց հետ։
Այս պատմվածքում Գալշոյանի խոսքը ճշգրիտ է, բայց հագեցած ներքին քնարականությամբ, հուզականությամբ։ Պատմվածքին յուրահատուկ գրավչություն է տալիս սասունցիների բարբառը, որ Գալշոյանը հրաշալի գիտեր և վարպետորեն վերստեղծում է այս պատմվածքում։
Մուշեղ Գալշոյանը մահացավ 1980-ին, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։ Այդ կրակոցը շատ նման էր այն կրակոցին, որից սպանվեց իր հերոսներից մեկը՝ հովիվ Առաքելը։ Ինչպես Առաքելին, այնպես էլ Գալշոյանին հանգիստ չէր տալիս ֆիդայիների՝ իր այնքան սիրած ազատամարտիկների հիշատակը, և հրացանի այդ պատահական կրակոցների մեջ անպայման կյանքն ինքը խորհրդանշական իմաստ է դնում՝ ընդգծելով Գալշոյանի ու հերոսի հավատարմությունը, կապը ֆիդայական ավանդներին։
Գալշոյանը Կոմիտասի հուշերում

ԳՐԱԿԱՆ երկերում հեղինակի կերտած հերոսներին զգալն ու ներկայացնելը խիստ պատասխանատու է, դժվար:
Համարձակությունս չի բավարարում վերցնել գրիչը, այսուհանդերձ վերցնում եմ…
Խոսքս Մուշեղ Գալշոյանի` Մեծն Կոմիտասին նվիրված խոսուն պատմվածաշարի մասին է: Մեծանուն գրողը զարմանալի նրբանկատությամբ, հարուստ, գունագեղ բառաշխարհով, լեզվամտածողական բացառիկ ոճով ու մեծ հուզականությամբ է կերտել Կոմիտասի սքանչելի կերպարը: Պատմվածաշարը սկսվում է «Օրն ավետյաց» պատմվածքով, ուր Գալշոյանը ներկայացնում է ապագա հանճարի մուտքը երաժշտական աշխարհ` խավարից դեպի լույս, անհայտից հայտնություն: Այդ օրն ավետիք էր և´ փոքրիկ Սողոմոնի համար, ում կյանքում նոր էջ էր բացվում, և´ հայոց աշխարհի համար. նա ընտրվել էր որբերի միջից և Սուրբ Թեոդոս վանքից գալիս էր Էջմիածին ուսանելու: Նրա համար դա իրական, ապրեցնող երազ էր. «Իրականությունը երազ էր, ու երազը կրկնվում էր: Փոշոտ ճամփի վրա ձիերը վարգ էին առել, նրանց պարանոցներին ու կողերին վետվետում էին զանգակները: Օրը հենց մի դեղին ու կլոր զանգակ էր, ղողանջելով գնում էր դեպի լեռները»:
Մանկան հոգին խռոված էր. նա չգիտեր հայերեն. «Փորձեց հիշել, հատիկ-հատիկ հավաքել իմացած մայրենին… ուրեմն` Մարե… Հայրիկ… Հայ… Հայրենիք… Նա կիսաձայն ասաց իմացած բառերը, կամաց ու հանդարտ, որ ուշ վերջանան… Երակներում քնած մայրենին էր, ելք էր որոնում: Այն քնած արծիվ էր, որը մի շողքից աչք էր բացել, թպրտում էր հոգում… բառերը արյան հետ խուժում էին քունքերը, լեզու պահանջում, և բառերը պեծ-պեծ թափվում էին նրա աչքերից»:
Գալշոյանը զարմանալի նուրբ ու խոր զգացողականությամբ է հյուսել սիրելի հերոսի` Կոմիտասի կատարելության հասնող կերպարը: Եվ ինչպես հմուտ վարպետի ձեռքին գործիքներն են արագ ու վարժ ստեղծում, արարում հրաշագեղ կոթողներ, այնպես էլ հեղինակի ձեռքին բառերը նորանում են, նոր շունչ, իմաստ են առնում… ու բնության սիրահար գրողի ստեղծարար միտքը, գունեղ գրիչը կերտել է սքանչելի նկարագրություններ աշխարհի, մարդու, բնության և… և հենց նրա մասին, ով այդ բնաշխարհի ունկնդիրն էր, ընկալողն ու երգիչը…
«Գեղջկական երգերը ծնվել են այն ժամանակ,- գրում է հեղինակը,- երբ բնությունն ու շինականը եղել են արնակից, անխռով, եղել մի կտուրի տակ… Եվ շինականը իրեն կոչել է բնության տերը` իրավունքով` տեր, աշխատանքով` մշակ: Երբ գեղջկական երգերը չեն հորինվել, այլ ցորյանի պես ծլել են ժամանակին, անարատ…»: Դրանք խտացնում են հայ շինականի օրն ու կյանքը, տառապանքը, բողոքը, որոնց այնպե˜ս զգույշ է մոտեցել երգիչը, մշակել ու վերադարձրել տիրոջը… Հոգեհմա այդ երգերը բացառիկ արժեք ունեին Կոմիտասի համար:
Բնապաշտ գրողի գունեղ գրիչը զարմանալի կենդանի ու բնական է նկարագրել բնության գույները, ձայները, շշուկներն ու հնչյունները: Չէ՞ որ բնությունն ինքնին երգ է` անսկիզբ, անվերջանալի երգ, որը հենց այդպես էլ զգում, ընկալում էր Մեծն Կոմիտասը:

понедельник, 12 декабря 2016 г.

Պարույր Սեվակն ու նրա կանայք


Պարույր Սեվակն ու նրա կանայք



Գրականագետ Ալմաստ Զաքարյանը եղել է Պարույր Սևակի ընտանիքի լավագույն բարեկամը… Եվ նրա հուշերն էլ եզակի են իրենց անկեղծությամբ. Սևակը ներկայանում է իր մարդկային լավ ու վատ կողմերով, թերություններով ու առավելություններով… իր եզակի տեսակով: Հեղինակը գիտակցաբար չի խմբագրել Սևակի կենսագրական ինչ – ինչ կետերը, հասկանալով ու գրելով. «Սևակը կտրականապես դեմ կլիներ իր անձը սրբագրել-սրբացնելուն: Նա լիարյուն-լիակշիռ մարդ էր և ամբողջ էությամբ ատում էր փարիսեցիներին ու փարիսեցիությունը՝ ամեն տեսակի դրսևորումներով»:
Բայց քնքշության հետ միասին Պարույրը Նելլիի հետ խիստ ու պահանջկոտ ծնողներ էին, և, ուսանելի է. Պարույրի երեք որդին էլ մեծացան բանող-աշխատող մարդու հոգեբանությամբ ու վարքով, միանգամայն օտար իրենց հոր անունը օգտագործելու, նրա անունով կյանքից ինչ-ինչ քաշելիքներ կորզելու անվայելությանը … «…»: Նելլին զգաստ հետևում էր երեխաներին, և զանցանքի դեպքում վա՜յ նրանց: Մեկ անգամ սեղանից Նելլիի հեռանալուն պես, երեխաների սենյակում սկսվեց իրարանցում: Ձայնից գնաց և Պարույրը: Քիչ անց վերադարձան Պարույրն առջևից, Նելլին’ հետևից, «դատ ու դատաստանը» ավարտած: — Լա՛վ արեց, դեռ քիչ էր,- եղավ Պարույրի տեղեկացրածը.- եթե Պարույր Սևակի երեխաները կոնֆետ ուտեն և թղթերը փողոց շպրտեն, ապա մեկ ուրիշի երեխան էլ կարող է գնալ ու մարդ սպանել …
Սկզբունքն այդ էր, և այդպես էր դաստիարակվել նախ նրա ավագ որդին: Այս անգամ արդեն դաստիարակողը Մայայի (խոսքը Սևակի առաջին կնոջ մասին է) հետ միասին նրա մայրն էր՝ Անահիտ Ավետյանը (դերասան Գրիգոր Ավետյանի եղբոր դուստրը, հայրը’ Սեդրակ Ավետյանը, եղել է Ներսիսյան դպրոցի վերջին տեսուչը): Դեռևս Հրաչոյի մանկության տարիներին Պարույրն իրեն երջանիկ էր համարում, որ որդուն մեծացնում է մի այնպիսի կիրթ, ազնիվ ու արդարամիտ կին, որպիսին է Անահիտ Ավետյանը: եթե չեմ սխալվում, նման գրառում ունի օրագրերում, և հետադարձ հայացքով կասկած չունեմ, որ այդ պատկառելի կնոջից Սևակը սովորել-վերցրել է շատ բան, այդ թվում երաժշտության սեր ու գիտելիքներ:
Եվ ահա՛ բախտը, կամ ավելի ճիշտ Պարույրը, Մայայի և Նելլի կողմերի մարդկանց բերել կանգնեցրել էր դեմ-դիմաց, կանգնեցրել էր՝ լինելով նրանց փոխհարաբերությունների ոգին: Սևակը մարդկային հարազատություն ճառագող-տարածող էր, ասես, մոգական ուժով նրան շրջապատող մարդիկ մոտենում, մտերմանում էին միմյանց. այդպես էլ նրա կանայք, նրանց հարազատները’ շարժելով շատերի զարմանքը: Այնինչ զարմանալին, անբնականը Պարույրի դեպքում կլիներ հակառակը:
Իր երիտասարդական մտորումները, տրամադրութոյւնները Հրաչոն ավելի կիսում էր Նելլիի, քան հոր հետ: Մայայենց ընտանիքը Նելլիի համար հարազատ օջախ էր, և, եթե պատահում էր նեղանում-խռովում էր Պարույրից, երեխաներին առած չվում էր նրանց տուն: Մի անգամ հեռախոսով կատակեցի. — Հերա՞նց էիր գնացել…
Ծիծաղեց.- Էլ ո՞վ ունեմ…
Հարաբերություններն այդպիսին էին, քանի որ Պարույրը Մայային, նրա ծնորղներին, եղբորը, մյուս արյունակիցներին շարունակում էր վերաբերվել նույն հարազատությամբ:
Ամեն առիթով մեծ հարգանքով էր խոսում նաև Նելլիի հարազատներից. Հորից, որ երկաթուղային բանվոր էր, աշխատավոր, համեստ մարդ. Քրոջից ու քրոջ ամուսնուց, նրանց ազնվությունից ու արդարությունից: Իսկ իր մոր հանդեպ Պարույրի վերաբերմունքից պատմել է Նելլին, երբ նրանց մոտ էինք մոր մահվան առիթով: Մահից մի երկու ամիս առաջ, Նելլիի ծննդյան օրը մայրը եղել էր Երևանում: նելլին անչափ զգացված պատմում էր, թե Պարույրը որպիսի սրտառուչ խոսք է ասել մորը: Կրկնվող շնորհակալություններով Նելլիի համար, հերթով այս ու այս անձնազոհությունների համար, առանձին շնորհակալություն իրեն պարգևած Արմենի, առանձին՝ կորյունի համար … Պատմում էր ու կրկնում.
— Կարելի է զարմանալ, կարծես Պարույրը կանխազգալով հրաժեշտի խոսք էր ասում (հեղինակը նկատի ունի նրանց վաղահաս մահը)… Բայց մորս առանձնապես բան չէր պատահել, ինչպես միշտ վերջին տարիներին, ցավում էր կողքը:
Ամուր, ուժեղ, խելոք ու օժտված անհատականություն էր Նելլին, նրա մեջ չկար քաղքենիական «ցացայության», անբնականության նշույլ: Պատկերային համանվագային, միաժամանակ վերլուծական-զուգորդական երես-աստառով հունցվող-հյուսվողսևակյան դրամատիկ արվեստը զգում-հասկանում էր մեզնից էլ լավ և անկեղծորեն բորբոքվում էր, երբ չէին հասկանում՝ «գրականագետ պրոֆեսորներ»: Այդ գիտակցությամբ էլ պատրաստ էր գնալ ամեն զոհաբերության: Իրոք, անկարելի է մեծագույն սիրով ու հարգանքով չվերաբերվել Նելլիին, նրա հիշատակին՝ քիչ թե շատ ծանոթ լինելով նրանց ապրած դժվարին կյանքին: Եղավ ժամանակ, երբ կենցաղային հոգսերի հոգնած-ձանձրացած՝ ցանկացավ դասեր ունենալ համալսարանում: Թեև Սևակը դեմ էր, հաջողվեց: Բայց շուտով էլ, առանց ծանրացնելու թողեց. – Հնարավոր չէ, Պարույրը գիշերները աշխատում է, արթնանում ուշ՝ սաստիկ հազով, պետք է լինում տաք կաթ, տաք հեղուկ տալ. դե՛պիտի կողքին լինեմ:
Զարմանալի ֆիզիոլոգիա. Պարույրի հազը կրկնվում էր ամեն օր. ըստ երևույթին, նրա անձնականությունը թունոտ ոչինչ չէր ընդունում նաև ֆիզիկապես և օրվա ընդունած նիկոտինն ու երևանյան աղտոտ օդը նույն օրն էլ արտամղում էր՝ կուրծքն ու կոկորդը քրքրելով…

Պարույր Սեվակ

Պարույր Սեվակ



Ինքնակենսագրություն



ԱՆՑՅԱԼԸ ՆԵՐԿԱՅԱՑԱԾ
Ինքնակենսագրություն գրել նշանակում է վերհիշել անցյալը: Իսկ անցյալի վերհիշումը ոչ այլ ինչ է, քան անցյալին ներկայիս հայացքով նայել, այսինքն ոչ թե տեղափոխվել անցյալ, այլ անցյալը տեղափոխել ներկա. անցյալը ներկայացնել:
Սա անխուսափելի է մանավանդ նրանց համար, ովքեր արվեստագետ կոչվելու պատիվն ու պարտականությունն ունեն, և որոնց համար երեկը դառն ու քաղցր հուշերի օթևան չէ, այլ մտորումների օրրան:
Ուստի և իմ ինքնակենսագրության փորձը պիտի դաոնա ոչ թե հուշերի երեկո, այլ փորձարկման ստուգում:
Ինքնակենսագրություն գրել նաև նշանակում է գաղտնիքներ ասել: Բայց ասված գաղտնիքը ոչինչ չարժի, եթե չի գալիս բացահայտելու գաղտնիքների գաղտնիքը խորհուրդը:
Ուստի և իմ հուշերը պիտի դառնան առիթ խորհրդածությունների, և իմ ինքնակենսագրությունը` փորձ ինքնաթարգմանության:
Բարեբախտություն ունեմ այս էջերը գրելու հենց իմ ծննդավայրում` Հայկական ՍՍՀ Վեդու շրջանի Սովետաշեն (նախկին Չանախչի) գյուղում: Բնությունը` այդ մեծագույն փորձարարը, այսօր տվեց այլակերպության իր հերթական դասը. տեղաց աոաջին ձյունը, որ կարողացավ իր բարությամբ փոքրիշատե մեղմել այս լեռնաշխարհի դիմանկարի խստությունը: Իմ համագյուղացիք իրենց գյուղի մասին առածանման խոսք ունեն. Քառասուն ձոր, ամեն ձորում էլ` քառասուն ձոր: Իսկ որտեղ ձոր, այնտեղ էլ սար: Եվ ահա առաջին ձյունը եկավ այդ քառասուն անգամ քառասուն ձոր ու սարի վայրիվերումները փոքր-ինչ հարթելու: Հողն ու քարը (դժվար է ասել, թե այստեղ սրանցից որն է շատ) հանձնվել են սպիտակի մեղսագործությանը: Միայն տերևաթափ ծառերն են համառաբար ընդգծում իրենց սևը` վանականների պես իրենց հավատարմությունը վկայելով երկնքին...
Բայց միայն ձյունից չէ և միայն այսօր չէ փոխվել իմ ծննդավայրը: Քառասուն տարի առաջ այստեղ հարթ ու հողածածկ տանիք չուներ միայն եկեղեցին: Գարնանը թզաչափ խոտ էր ծփում տանիքների վրա և նրանց մեջ եկեղեցին, իր թիթեղե դեղինով, հիշեցնում էր կանաչի մեջ ծնրած ուղտ: Չլիներ նա` կարելի էր կարծել, թե գյուղն ունի մի ընդհանուր տափակ տանիք. տները մեջք մեջքի էին տվել, հպվել իրար, ինչպես բուքից հալածված անասունները, իսկ եղած ծուռտիկ-մուռտիկ փողոցներն էլ (ամոթ է փողոց ասելը) այնքան էին նեղլիկ, որ Տեառնընդառաջի տոնին չափահաս երեխաները, խարույկների վրայից թռչկոտելով, կրակ էին տանում գյուղի մի ծայրից մյուսը ոչ թե փողոցներով, այլ տանիքների վրայով...
Պատմության կամեցողությամբ հորս կրթությունը վերջացել է գրաճանաչությամբ: Մայրս այդ բախտին էլ չի արժանացել: Հայոց այբուբենի ամենահեշտ գրվող տառը ս-ն է: Եվ փոքրիկ քույրս հաճախ էր մորս հոգին հանում. Բաս գրել էլ չգիտես: Չգիտեր ու չգիտի...
Այդ պատճառով չէր արդյոք, որ ապրածս կյանքի կեսից ավելին (ամբողջ 23 տարի) անցավ ուսման վրա:
Դպրոց գնացի շատ վաղ` 6 տարեկան հասակում, ըստ որում արդեն գրաճանաչ և թվաբանական 4 գործողությանը տեղյակ: Միջնակարգն ավարտեցի գյուղում: Սիրում էի բոլոր առարկաները, այդ թվում նաև ֆիզիկա - մաթեմատիկականները: Դժվարանում եմ ասել, թե ինչն էր ավելի մեծ հաճույք պատճառում. երազած վեպի ընթերցանությունը, թե երկրաչափական խնդիրների լուծումը:
Զարթոնքի տարիներ էին, բայց և դժվարին տարիներ: Չկար թուղթ ու մատիտ: Չկար դասագիրք: Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ հատիկ դասագրքով: Պակասում էին ուսուցիչները, եղածներն էլ`միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր: 9-րդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն էր որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ: Նույն այդ երիտասարդը 1Օ-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականություն ավանդել: Երեկ` ֆիզկուլտուրա, այսօր` գրականություն: Եվ դասավանդեց. գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը, և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ըստ որում բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես: Եվ այդպես` կլոր տարին...
Դեռ չէի ածիլվում, երբ ընդունվեցի Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքը` հիասթափեցնելով իմ բոլոր դասատուներին, բացի գրականության ուսուցչից և ... մորիցս, եթե սա իմանար, թե ինչ բան է բանասիրականը և ինչու եմ ընդունվել այդ բաժանմունքը: Ուսուցիչներիցս յուրաքանչյուրը համոզված էր, որ պիտի ուսումս շարունակեմ իր առարկայի խորացմամբ: Գաղտնապահ երեխա էի: Ոչ թե ծածկամիտ, այլ գաղտնապահ: Այն ժամանակ ես չգիտեի, իհարկե, ինքնասիրություն, առավել ևս արժանապատվություն բառերը: Բայց հիմա գիտեմ, որ գաղտնապահությունը պայմանավորվում է այդ հատկանիշներով: Եվ գիտեմ նաև, որ գաղտնապահ երեխաները հետագայում դառնում են շատ անկեղծ և ուղղամիտ մարդիկ...
Եվ գաղտնապահ էի հատկապես մի բանում:
Տասնմեկ տարեկան էի, երբ գրեցի աոաջին ոտանավորս: Եվ ինչի մասին չէր, այլ ում: Զինաիդայի մասին: Այս Զինաիդան էլ դասընկերուհիս չէր, այլ... Տուրգենևի հերոսուհին: Գիրք չկար: Գյուղից գյուղ էինք գնում` գիրք խնդրելու: Կյանքումս մեծ գողություն էլ եմ արել. 3-4 հոգով կտրեցինք շրջակա 3-4 գյուղի դպրոցական գրադարանները` կեսգիշերին, գողության բոլոր կանոնների համաձայն: Գողություն` կարդալու ծարավից: Գլխավորը ես էի: Ու գրքերի մեծագույն մասն էլ ինձ էր հասնում: Ու կարդում էի ամեն ինչ. արգելված Րաֆֆու բզկտված վեպը (կեսն արտագրեցի), Դարվինի Տեսակների ծագումը (կոնսպեկտավորեցի), մենագրություն Դավիդ Ռիկարդոյի և Ադամ Սմիթի մասին (ինչպես հասկանայի) և նույնիսկ... Ռազմական արվեստ (ինչ հասկանայի): Եվ որովհետև այդ օրերին լույս էր տեսել Տուրգենևի Երկեր–ի առաջին հատորը, ուրեմն` նաև Առաջին սեր-ը: Տասնմեկամյա մանուկն ինչ էր հասկացել այդ սքանչելի վիպակից, - դժվարանում է ասել իր 41-ամյա աճորդը: Բայց որ նա իր աոաջին ոտանավորը գրել է ոչ թե տոնածառի, մայիսի 1-ի, կամ մեկ այլ տոնի մասին, այլ տուրգենևյան Զինաիդայի, - սրտաշարժ փաստ չէ:

среда, 12 октября 2016 г.

Կոմիտաս

Կոմիտաս

Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ին) Փոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։ Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սբ. Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, մասնագիտությամբ կոշկակար էր, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։ Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։ Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր։ Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։

1875 թվականին փոքրիկ Սողոմոնն ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց 1880 թվականին և հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք՝ ուսումը շարունակելու։ Նա վերադարձավ հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց։ Կոմիտասի մանկության ընկերը նրան բնութագրում էր որպես «գրեթե անօթևան». նա լիովին զրկվեց ծնողական խնամքից՝ դառնալով հոգեպես խոցելի, ինչը ևս դարձավ տարիներ հետո նրա մոտ ի հայտ եկած հիվանդության պատճառ



Կոմիտաս  կռունկ 

https://www.youtube.com/watch?v=KF1pcEc-hKY


Ես շատ տպավորված եմ այս կատարմամբ,շատ կատարումներ էի լսել բայց այս մեկը շատ դուրս եկավ։Մենք պետք է հպառտ լինենք որ ամբողջ աշխարհը ճանաչում և սիրով կատարում է Կոմիտասի ստեղծագործությունները։