Համբարձումյան Վիկտոր Համազասպի
Համբարձումյանը 1928 թ-ին ավարտել է Լենինգրադի համալսարանը, 1934–43 թթ-ին
եղել է այդ համալսարանի պրոֆեսոր, 1939 թ-ից՝ ԽՍՀՄ-ում առաջին աստղաֆիզիկայի
ամբիոնի վարիչը, միաժամանակ՝ աստղադիտարանի տնօրեն, 1941 թ-ից՝ ուսումնական մասի
պրոռեկտոր: 1943 թ-ին եկել է Հայաստան. եղել է Հայաստանի գիտությունների
ակադեմիայի հիմնադիր անդամ, առաջին փոխնախագահը, 1946–94 թթ-ին՝ նախագահ, 1994–96
թթ-ին՝ պատվավոր նախագահ:
1946 թ-ին հիմնադրել և մինչև 1988 թ. եղել է Բյուրականի աստղադիտարանի
տնօրենը, 1988–96 թթ-ին՝ պատվավոր տնօրեն:
Ակադեմիկոս Համբարձումյանն ստեղծել է գազային միգամածությունների լուսարձակման
քանակական տեսությունը, մշակել նոր աստղերից արտանետվող և անկայուն աստղերի
մակերևույթից արտահոսող գազային զանգվածների գնահատման մեթոդ: Նա մշակել է
աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի հիմունքները, ցույց տվել, որ
առանձին աստղերի՝ միմյանցից հեռանալու պատճառով աստղակույտերն աստիճանաբար
քայքայվում են, և այդ փաստի հիման վրա գնահատել է նրանց տարիքը: Կրկնակի աստղերի
նկատմամբ նոր մեթոդների կիրառման միջոցով Համբարձումյանը հիմնավորել է, որ մեր
Գալակտիկայի տարիքը պետք է լինի 1011 տարի: Նա ցույց է տվել, որ լույսի
միջաստղային կլանումը Գալակտիկայում հարուցվում է բազմաթիվ մութ, փոշային
միգամածությունների կլանող ամպերի առկայությամբ, որոնց ուսումնասիրության համար
մշակել է ֆլուկտուացիաների տեսությունը: Նա ստեղծել է պղտոր միջավայրում լույսի
ցրման տեսությունը:
1947 թ-ին Համբարձումյանը հայտնագործել է դինամիկորեն անկայուն և քայքայվող
նոր տիպի աստղային համակարգեր, որոնց անվանել է աստղասփյուռներ: Նրանց
ուսումնասիրությամբ ապացուցվեց, որ Գալակտիկայում աստղառաջացման շարժընթացները
ներկայումս շարունակվում են և ունեն խմբակային բնույթ: 1950-ական թվականներին նա
հայտնագործել է գալակտիկաների կորիզների ակտիվությունը, որը հարուցում է հսկայական
մասշտաբների անկայուն երևույթներ (վիթխարի պայթյուններ, նյութի մեծ զանգվածների
արտավիժումներ, նյութի հանգիստ արտահոսք և այլն): Համբարձումյանը մշակել է
նախաաստղերի վարկածը, ըստ որի՝ դրանք մեծ խտությամբ օժտված փոքր չափերի մարմիններ
են, որոնց տրոհմամբ առաջանում են աստղեր և աստղային համակարգեր: Կարևոր
արդյունքներ է ստացել նաև ֆիզիկայում և աստղագիտության մեջ հանդիպող հակադարձ
խնդիրների լուծման բնագավառում:
Վիկտոր Համբարձումյանը
Հայաստանի, Խորհրդային Միության և բազմաթիվ այլ երկրների գիտությունների
ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ էր: Նա եղել է նաև Հայկական
հանրագիտարանի առաջին գլխավոր խմբագիրը (1965–74 թթ-ին) և գիտախմբագրական խորհրդի
նախագահը (1965–87 թթ-ին):
Комментариев нет:
Отправить комментарий